Եվրոպական որոշ բանկեր և ընկերություններ, որոնք աշխատում են էներգետիկ ոլորտում, հանդես են գալիս Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացման օգտին: New York Times-ի փոխանցմամբ՝ այդ ընկերությունները թերահավատ են Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների արդյունավետության առումով: «Ոչ էներգետիկ, ոչ էլ քաղաքական ասպարեզում մենք չպետք է երես թեքենք Ռուսաստանից»,-հայտարարել է գերմանական «Wintershall» ընկերության նախագահ Ռեյներ Զելեն:
«Դուք չեք կարող խոսել պատժամիջոցներից, եթե չգիտեք պատժամիջոցների հետևանքների մասին: …Մենք արդեն ունեցել ենք ճգնաժամային իրավիճակներ մի քանի անգամ, բայց եթե ուշադիր նայեք` 50 տարվա ընթացքում բնական գազը չի գործածվել իբրև զենք, և մենք չպետք է այն օգտագործենք որպես զենք»,-ասել է ավստրիական նավթագազային ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսը: